Օրհնության գիր` Ռուբեն Շարբաթյանին
Հուլիսի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Տաճարի երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Ռուբեն Շարբաթյանին շնորհեց օրհնության գիր` Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանում դասավանդման ընթացքում եւ Մայր Տաճարի երգչախմբի ղեկավարի պաշտոնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն եւ Մայր Աթոռին բերած բազմամյա ծառայության համար:
Հավարտ Ս. Պատարագի Նորին Սրբությունը Վեհարանում ընդունեց մաեստրո Շարբաթյանին եւ Մայր Տաճարի երգչախմբին: Բացման խոսք ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագչյանը: Այնուհետեւ իր խորին երախտագիտությունը հայտնեց մաեստրո Շարբաթյանը` Վեհափառ Հայրապետի գնահատնքն իր համար մեծ պատիվ համարելով եւ պարտավորվածություն հայտնելով այսուհետ առավել մեծ նվիրվածությամբ իր ծառայությունը բերել Հայ Եկեղեցուն եւ Մայր Աթոռին: «Ջութակահարի գործիքը ջութակն է, դաշնակահարի գործիքը դաշնամուրն է, իսկ իմ գործիքը երգչախումբն է: Առանց երգչախմբի ես ոչինչ անել չեմ կարող: Հետեւաբար այս գնահատնքը հասցեագրված է նաեւ երգչախմբի յուրաքանչյուր անդամի»,-ասաց իր խոսքում մաեստրոն:
Մայր Տաճարի երգչախմբի կողմից «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի կատարումից հետո ընթերցվեց Վեհափառ Հայրապետի սրբատառ կոնդակը: Կոնդակում ի մասնավորի ասվում է. «Հարգարժան պրն. Շարբաթյան, ուրախ ենք Հայրապետական Մեր գնահատանքի խոսքը հղել Ձեզ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ մշտապես դրսեւորած Ձեր անկեղծ սիրո ու նվիրումի եւ մատուցած ծառայությունների համար: Էջմիածին քաղաքի մշակութային կյանքում բերած արդյունաշատ մասնակցությանը զուգընթաց Դուք երկար տարիներ երաժշտություն եք դասավանդում նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր ճեմարանում` Ձեր կարողությունները սիրով ներդնելով ի նպաստ ճեմարանականների կրթության: Մենք տեղյակ ենք, որ Ճեմարանի սաները առանձնակի ակնածանք ու սեր են տածում Ձեր անձի հանդեպ` գնահատելով Ձեր եռանդուն աշխատանքը: Շուրջ մեկ տասնամյակ Դուք ղեկավարում եք նաեւ Մայր Տաճարի երգչախումբը, որն ապահովում է սրբազան արարողությունների պատշաճ ու վայելուչ կատարումը` գոհունակություն պարգեւելով հավատացյալ Մեր զավակներին»:
Վերջում օրհնության խոսք ասաց Վեհափառ Հայրապետը: Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց տիար Շարբաթյանին նրա արդյունաշատ աշխատանքի ու ծառայության համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարեւորեց այն մեծ դերը, որ երգչախումբն իր կատարումներով ունի եկեղեցում` աղոթական եւ վեհացման մթնոլորտի ստեղծման մեջ: Նորին Սրբությունն ընդգծեց, որ ի տարբերություն տարբեր բեմահարթակներում հնչող երգեցողության` եկեղեցում երգեցողությունն աղոթք է. «Մայր Տաճարն Աստծո բնակավայր է, Աստծո տուն է, եւ այնտեղ ձեր երգեցողությամբ դուք պաշտամունք եք մատուցում Աստծուն, եւ ձեր այդ ծառայությունը պետք է լինի ձեր կարողությունների եւ ձեր հոգու լավագույնը»: